Ուղեցույց

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներ: Ուղեցույց հայաստանյան բիզնեսների համար

Տեղեկատվություն Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և համապատասխան տեղական օրենքների մասին՝Հայաստանում գործող ոչ բրիտանական բիզնեսների պատժամիջոցների պահպանմանը նպաստելու համար.

Այս ուղեցույցը կազմվել է ՄԹ Արտաքին, Համագործակցության և Զարգացման հարցերով նախարարության կողմից՝ աջակցելու Հայաստանում գործող այն բիզնեսներին, որոնք ձգտում են գործել Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների պայմանների համաձայն։

Ուղեցույցն ընդհանուր բնույթ է կրում, ուստի անհրաժեշտ է նաև ծանոթանալ համապատասխան գործող օրենսդրությանը՝ ներառյալ կառավարության որոշումները։

Չնայած ուղեցույցում ընդգրկված տեղեկատվության ճշգրտության համար մեր կողմից ներդրված ջանքերին, այն իրավաբանական խորհրդատվություն չի հանդիսանում և չպետք է ընկալվի որպես այդպիսին։ Եթե կասկածներ ունեք ձեր պարտավորությունների վերաբերյալ որևէ կոնկրետ իրավիճակում, ապա պետք է ստանաք անկախ իրավաբանական խորհրդատվություն։

Այս ուղեցույցը վերաբերում է Ռուսաստանին ուղղված պատժամիջոցներին, սակայն հարկ է նկատի ունենալ, որ ՄԹ ունի այլ սանկցիոն ռեժիմներ ևս։ ՄԹ սանկցիոն ռեժիմների ամբողջական ցանկը հասանելի է GOV.UK կայքում։

1․ Այս ուղեցույցի նպատակը

Այս ուղեցույցը հրապարակվել է ՄԹ կառավարության կողմից՝ աջակցելու Հայաստանում գործող բիզնեսներին՝ իրազեկ լինելու հետևյալ հարցերի վերաբերյալ․

  • Հայաստանի ազգային օրենսդրության մեջ սահմանափակումներ, որոնք առնչվում են ՄԹ կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց և Ռուսաստանի հետ բիզնես իրականացնելուն
  • ՄԹ և այլ միջազգային բանկերի ու մատակարարների կողմից տրամադրվող ծառայություններին և ապրանքներին հասանելիությունը կորցնելու ռիսկեր, եթե նրանք կասկածեն, որ դուք համագործակցում եք պատժամիջոցների ենթարկված անձանց հետ կամ Ռուսաստան եք արտահանում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ
  • Գործնական քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ ձեր բիզնեսի գործունեության հնարավոր լուրջ խափանումների ռիսկերը կառավարելու համար։

2․ Համատեքստ

ՄԹ և իր միջազգային գործընկերները աննախադեպ մասշտաբների պատժամիջոցներ են կիրառել՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։ ՄԹ պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 2000 անհատների և կազմակերպությունների նկատմամբ և սահմանել է լայնածավալ սահմանափակումներ՝ Ռուսաստանի հետ առևտրի և այլ տնտեսական գործունեության ոլորտներում։

ՄԹ պատժամիջոցների նպատակն է՝

  • խրախուսել Ռուսաստանին դադարեցնել այն գործողությունները, որոնք ապակայունացնում են Ուկրաինան կամ խախտում են նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։
  • խթանել 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի ներխուժման հետևանքով կրած վնասների, կորուստների և վնասվածքների փոխհատուցման տրամադրումը Ուկրաինային։

ՄԹ հստակ նշել է, որ պատժամիջոցները կգործեն մինչև նշված նպատակների իրագործումը։

3․ Ինչու է սա կարևոր հայաստանյան բիզնեսների համար

3.1. ՄԹ պատժամիջոցները շրջանցելու փորձերը

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում պատժամիջոցները շրջանցելու համար և շարունակում է արևմտյան արտադրության ռազմական, երկակի օգտագործման և այլ կարևոր ապրանքների ձեռքբերումը երրորդ երկրների միջոցով, ներառյալ մարտական կիրառությունից դուրս տեխնոլոգիաները։ Ռուսաստանը կիրառում է մոլորեցնող մեթոդներ, այդ թվում՝ անուղղակի բեռնափոխադրումների ուղիներ, առևտրային ապրանքների վերջնական օգտագործման դիտավորյալ կեղծում և պատժամիջոցներից խուսափելու համար կազմակերպված մասնագիտական ցանցեր։

Օրինակ՝ Հայաստանի համատեքստում սա կարող է ներառել՝

1․ Հայկական ընկերությունը ռուսական ներմուծողից պատվեր է ստանում ապրանքների համար, որոնք պատժամիջոցների տակ են ՄԹ կողմից և չեն կարող ուղղակիորեն ձեռք բերվել ՄԹ-ից։

2․ Հայկական ընկերությունը պատվիրում է ապրանքները ՄԹ մատակարարից՝ առանց նրան կամ ներգրավված այլ կողմերին (օրինակ՝ բանկերին, ապահովագրողներին, փոխադրողներին) տեղեկացնելու, որ այդ ապրանքների վերջնական սպառողը Ռուսաստանում է։

3․ ՄԹ մատակարարը ապրանքները արտահանում է հայկական ընկերությանը, որն էլ վերաարտահանում է դրանք Ռուսաստան։
Այս և նմանատիպ պրակտիկան պատժամիջոցների շրջանցման օրինակներ են։ Սրանք կարող են ռիսկեր առաջացնել մատակարարման շղթայի բոլոր կողմերի համար՝ անկախ նրանց ներգրավման ձևից կամ չափից։ ՄԹ-ը և G7 գործընկերները հստակ հայտնել են, որ քայլեր կձեռնարկեն պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։

3.2. Ովքեր են պարտավոր գործել ՄԹ սահմանած պատժամիջոցների համաձայն

ՄԹ պատժամիջոցները ՄԹ օրենսդրության իրավական գործիքներ են։ ՄԹ քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն չի նախատեսում պատժամիջոցների խախտումների համար ՄԹ-ից դուրս գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ եթե նրանք․

  • ՄԹ քաղաքացիներ են (օրինակ՝ ՄԹ բիզնես չհանդիսացող ընկերության աշխատակիցների կամ տնօրենների թվում)
  • ՄԹ-ում գրանցված ընկերություններ են, ներառյալ նրանց՝ այլ երկրներում չգրանցված մասնաճյուղերը (ՄԹ-ից դուրս գրանցված դուստր կազմակերպությունները ընդհանուր առմամբ չեն գտնվում ՄԹ օրենսդրության դաշտում, բացառությամբ, եթե դրանց գործունեության նկատմամբ կիրառվում է հետևյալ կետերից որևէ մեկը)
  • իրենց գործունեության որևէ մասը իրականացնում են ՄԹ-ում, օրինակ՝ մատակարարի հետ բանակցելու կամ պայմանագիր ստորագրելու նպատակով մեկնում են ՄԹ
  • գնում են ապահովագրական, բանկային, քլիրինգի, իրավաբանական ծառայություններ ՄԹ շուկաներից, բայց դրանք օգտագործում են արտերկրում։

Այս չափանիշներից որևէ մեկի առկայության դեպքում ներգրավված անձինք կարող են ենթարկվել պատժամիջոցների կամ քրեական հետապնդման ՄԹ-ում՝ ներառյալ խիստ տուգանքներ, եթե խախտեն ՄԹ սահմանած պատժամիջոցները։ Նրանք պետք է ունենան հուսալի մեխանիզմներ՝ վստահ լինելու, որ երրորդ երկիր, օրինակ՝ Հայաստան իրենց մատակարարած ապրանքները կամ ծառայությունները չեն վերաուղղվի Ռուսաստան կամ պատժամիջոցների տակ գտնվող անձանց։ ՄԹ իրավասության ներքո գտնվող անձինք այս ուղեցույցում նշվում են որպես «ՄԹ անձինք»։

3.3. Ռիսկեր հայաստանյան բիզնեսների համար

Թեև միայն ՄԹ անձինք են օրենքով պարտավոր գործել ՄԹ սահմանած պատժամիջոցների համաձայն, այլ երկրներում գտնվող ոչ ՄԹ անձինք, որոնք նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը և չեն գտնվում ՄԹ պատժամիջոցների իրավական դաշտում, այնուամենայնիվ կարող են բախվել որոշակի ռիսկերի, մասնավորապես՝ ստորև ներկայացվածներին։

3.3.1. Ձեր նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ

ՄԹ կարող է պատժամիջոցներ սահմանել ուղղակիորեն ձեր նկատմամբ՝ որպես անհատ, կամ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք վերահսկվում են ձեր կողմից կամ որոնց սեփականատերն եք, եթե դուք մասնակցում եք այնպիսի գործունեության, որը կարող է նպաստել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը, կամ աջակցում է ՄԹ որոշ պատժամիջոցների խախտմանը կամ շրջանցմանը։ ՄԹ արդեն սահմանել է նման պատժամիջոցներ մի շարք երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ։

Նույնիսկ եթե դուք ՄԹ անձ չեք, ՄԹ պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձեր բիզնեսի և այլ ֆինանսական գործարքների համար։ ՄԹ պատժամիջոցների կատարումը պարտադիր է ՄԹ քաղաքացիների և իրավաբանական անձանց համար՝ աշխարհի ցանկացած կետում։ Հետևաբար, եթե ձեր անունը ներառվի ՄԹ պատժամիջոցների ցանկում, դա կխոչընդոտի ՄԹ քաղաքացիներին, բիզնեսներին և ՄԹ-ում գտնվող ցանկացած այլ անձանց՝ ձեզ մատուցելու ՄԹ տնտեսությանն առնչվող որևէ ծառայություն։ Բացի այդ, շատ միջազգային ընկերություններ կարող են կամավոր կերպով հրաժարվել ձեզ հետ համագործակցությունից․ այս վարքագիծը հաճախ անվանվում է «ռիսկերի նվազեցում»։

  • ՄԹ բոլոր բիզնեսները պարտավոր են, իսկ բազմաթիվ միջազգային բիզնեսներ կարող են հրաժարվել բիզնես գործունեությունից ձեզ հետ, ինչպես նաև ձեր կողմից վերահսկվող կամ ձեզ պատկանող կազմակերպությունների հետ։ Սա կարող է նշանակել, որ ՄԹ բիզնեսները կհրաժարվեն ձեզ ապրանքներ մատակարարելուց, ձեզանից ապրանքներ գնելուց, ձեր սարքավորումները նորոգելուց կամ սպասարկելուց, կամ ձեզ մասնագիտական և բիզնես ծառայություններ տրամադրելուց։
  • Բոլոր ՄԹ և բազմաթիվ միջազգային բանկեր կսառեցնեն իրենց մոտ պահվող ձեր ակտիվները և կհրաժարվեն ձեզ որևէ ծառայություն մատուցելուց։

Եթե ՄԹ ընկերությունների կողմից պետք է տրամադրվեն ապահովագրական կամ բեռնափոխադրման ծառայություններ, նրանք ևս կհրաժարվեն ձեզ հետ համագործակցությունից, եթե դուք կամ որևէ այլ ներգրավված կողմ կամ ապրանք պատժամիջոցի տակ եք։

3.3.2. ՄԹ մատակարարների կողմից դուք կարող եք դիտվել որպես բարձր ռիսկային գործընկեր

ՄԹ պատժամիջոցները կարող են ազդել ձեր բիզնեսի վրա, եթե ձեր բիզնես գործունեության շրջանակում հաշվի չառնեք ՄԹ պատժամիջոցների պահանջները։

Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ ներգրավված են ՄԹ անձինք, քանի որ նրանք պարտավոր են ապահովել, որ իրենց գործունեությունը չշրջանցի ՄԹ պատժամիջոցները։ Եթե ՄԹ ընկերությունը (ներառյալ ՄԹ բանկը) ձեզ մատակարարում է ապրանքներ կամ ծառայություններ, նրանք կցանկանան համոզված լինել, որ այդ ապրանքներն ու ծառայությունները չեն փոխանցվելու պատժամիջոցի տակ գտնվող անձի, չեն օգտագործվելու ի օգուտ նրա կամ չեն ուղարկվելու Ռուսաստան կամ «Ռուսաստանի հետ կապված անձի», եթե դա կհանդիսանա ՄԹ պատժամիջոցների խախտում։ («Ռուսաստանի հետ կապված անձ» է համարվում այն անհատը կամ անհատների խումբը, որոնք գտնվում են կամ սովորաբար բնակվում են Ռուսաստանում, ինչպես նաև այն իրավաբանական անձը, որը գրանցված է կամ հիմնադրվել է Ռուսաստանի օրենսդրության համաձայն կամ ունի իրավաբանական հասցե Ռուսաստանում։)

Հետևաբար, որոշ ՄԹ ընկերությունները կարող են ցուցաբերել զգուշավոր մոտեցում (երբեմն անվանում են «ռիսկերի նվազեցում») և հրաժարվել համագործակցել ձեզ հետ այն հիմքով, որ, օրինակ՝

  • պատժամիջոցների տակ գտնվող անձը ձեր ընկերությունում ունի փոքրամասնության բաժնեմաս
  • դուք կապեր ունեք պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ
  • իրենք ունեն այլ մտահոգություններ, որոնք չեն կարողանում բավարար կերպով փարատել
  • իրենք նախընտրում են ցուցաբերել զգուշավոր մոտեցում՝ հիմնվելով իրենց ներքին քաղաքականության վրա

Այդ պատճառով շատ ՄԹ անձինք կհրաժարվեն համագործակցել ձեզ հետ, եթե չկարողանաք ապացուցել, որ իրականացրել եք արդյունավետ միջոցառումներ՝ կանխելու իրենց կողմից մատակարարվող ապրանքների կամ ծառայությունների ուղղակի կամ անուղղակի փոխանցումը Ռուսաստան կամ Ռուսաստանի հետ կապված անձանց։ Սա կարող է վերաբերել ինչպես ուղղակիորեն ձեր կողմից ուղարկված ապրանքներին կամ ծառայություններին, այնպես էլ՝ մատակարարման ձեր շղթայում ներգրավված այլ անձանց միջոցով ուղարկվածներին։ Սա կարող է դժվարացնել ձեր հասանելիությունը օրինակ՝

  • ձեր արտադրական գործընթացներում օգտագործվող բաղադրիչներին
  • ձեր առևտրային ապրանքներին
  • ներդրումներին
  • ապահովագրությանը
  • բանկային ծառայություններին
  • ֆինանսավորմանը
  • պարտքի սպասարկմանը
  • վճարումների ծառայություններին
  • արտարժույթի փոխանակման ծառայություններին
  • ակրեդիտիվներին
  • սարքավորումների սպասարկմանն ու պահեստամասերին

Եթե ՄԹ անձինք չկարողանան բավարար կերպով փարատել իրենց մտահոգությունները, նրանք կարող են նաև ամբողջությամբ դադարեցնել ձեր բիզնեսի հետ համագործակցությունը, այդ թվում՝ ապրանքների ներմուծումը ՄԹ։

Բացի այդ, հնարավոր է, որ որոշ ոչ ՄԹ ձեռնարկություններ հրաժարվեն ձեզ հետ գործակցությունից, եթե չկարողանաք ապացուցել, որ ձեր գործունեության ընթացքում հաշվի եք առել ՄԹ-ի սահմանած պատժամիջոցները։ Սա հատկապես վերաբերում է ֆինանսական հաստատություններին, օրինակ՝ բանկերին, որոնք կարող են հրաժարվել կատարել այնպիսի գործարքներ, որոնք կարող են խախտել կամ խաթարել ՄԹ պատժամիջոցները։

Կարևոր է նաև նշել, որ Հայաստանի ազգային օրենքները կարող են կարգավորել գործունեության այն տեսակներից մի քանիսը, որոնք արգելվում են ՄԹ պատժամիջոցներով։ Մասնավորապես, այդ օրենքները կարող են սահմանափակել, թե ինչ կարելի է արտահանել կամ վերաարտահանել Ռուսաստան։ Հայաստանի նման օրենքների մանրամասները ներկայացված են 5-րդ բաժնում։

4. Ռուսաստանի նկատմամբ ՄԹ պատժամիջոցների ընդհանուր նկարագիրը

Հաշվի առնելով նախորդ բաժնում ներկայացված հայաստանյան բիզնեսների համար առկա ռիսկերը՝ այս բաժնում բացատրվում են ՄԹ պատժամիջոցների հիմնական առանձնահատկությունները։ Թեև միայն ՄԹ անձինք են իրավական պարտավորություն կրում այս կարգավորումներին համապատասխանելու հարցում, կարևոր է հասկանալ, թե ինչպես են գործում ՄԹ պատժամիջոցները՝ վերոնշյալ ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ քայլերը ճիշտ ծրագրելու նպատակով։ Նման քայլերի վերաբերյալ գործնական ուղեցույցը ներկայացված է 6-րդ բաժնում։

ՄԹ կառավարությունը հրապարակել է օրենսդրական ուղեցույց Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ՝ այստեղ։ Սակայն այս ուղեցույցը ամբողջական չէ։ Որոշ հարցերի վերաբերյալ նաև հրապարակվում են ավելի մանրամասն ուղեցույցներ, որոնք թվարկված են 7-րդ բաժնում։ Դուք պետք է նաև դիմեք իրավաբանական խորհրդատվության, եթե վստահ չեք ձեր պարտավորությունների կամ պատժամիջոցների հետ կապված առկա ռիսկերի վերաբերյալ։

4.1. Իրավական հիմք

ՄԹ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ամրագրված են «Ռուսաստանի վերաբերյալ (պատժամիջոցներ) (ելք ԵՄ-ից) կանոնակարգեր 2019» (այսուհետ՝ «Կանոնակարգեր») փաստաթղթում, որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է։ Հղումը տանում է դեպի Կանոնակարգերի ամբողջական տեքստը։ Եթե ցանկանում եք ուսումնասիրել Կանոնակարգերի որևէ կոնկրետ դրույթ, օրինակ՝ պարզելու համար, թե արդյոք այն ապրանքները, որոնց հետ գործ ունեք, պատժամիջոցների տակ են, ապա մենք ներկայացրել ենք որոշ խորհուրդներ 7.1 բաժնում՝ այս իրավական տեքստում կողմնորոշվելու համար։

Հայաստանում գործող բիզնեսներին առավելապես առնչվում են ՄԹ պատժամիջոցների միջոցառումների երկու ասպեկտ․

  • ակտիվների սառեցման պատժամիջոցների կիրառում
  • բարձր առաջնահերթություն ունեցող ապրանքների առևտուր

Պատժամիջոցների այս տեսակներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև, իսկ այնուհետև ամփոփ ներկայացված են ՄԹ պատժամիջոցների մյուս հիմնական տեսակները։

4.2. Ֆինանսական պատժամիջոցներ

4.2.1. Ակտիվների սառեցման պատժամիջոցների կիրառում

Ակտիվների սառեցման պատժամիջոցները կարևոր դեր ունեն այն անձանց և կազմակերպությունների թիրախավորման գործում, որոնք աջակցում են Ռուսաստանի զինված ուժերին Ուկրաինա ներխուժման համատեքստում՝ զրկելով նրանց ֆինանսական միջոցների և բիզնես գործունեության հասանելիությունից։ Ակտիվների սառեցման պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձինք անվանվում են «պատժամիջոցների տակ գտնվող» անձինք։

Ինչպես նշվել է վերոնշյալ 3-րդ բաժնում, եթե ապրանքներ կամ ծառայություններ պետք է մատակարարվեն ՀՀ քաղաքացիներին ՄԹ ընկերության կողմից, ՄԹ մատակարարը պետք է համոզվի, որ դրանք չեն փոխանցվելու կամ չեն ծառայելու ի օգուտ ՄԹ-ի կողմից պատժամիջոցների ցանկում ներառված անձի շահերին։ Համապատասխան հավաստիացումների բացակայության դեպքում ՄԹ մատակարարը, այդ թվում՝ ներգրավված ցանկացած ՄԹ բանկ, մեծ հավանականությամբ կմերժի գործարքը։

Այս բաժնում ներկայացվում է, թե որտեղ կարող եք պարզել՝ արդյոք այն անձը, որի հետ նախատեսում եք համագործակցել, պատժամիջոցների ցանկում ներառված անձ է, թե ոչ։ Այստեղ բացատրվում է նաև «սեփականություն և վերահսկողություն» հասկացությունը, քանի որ  ՄԹ-ի կողմից պատժամիջոցների ցանկում ներառված անձինք ոչ միայն նրանք են, ովքեր իրենց անունով են նշված, այլև այն կազմակերպությունները, որոնք պատկանում են նրանց կամ վերահսկվում են նրանց կողմից։ Սա պահանջում է լրացուցիչ պատշաճ ուսումնասիրություն։

4.2.2. Ինչպե՞ս ստուգել՝ արդյոք անձը ներառված է պատժամիջոցների ցանկում

ՄԹ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք ներառված են «Ամփոփված ցանկում»։ Ցանկը անմիջապես թարմացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում, իսկ նման փոփոխություններ հաճախ են տեղի ունենում։ 6.3 բաժնում ներկայացված է թե ինչպես պարզել՝ արդյոք ձեր ներկա կամ հնարավոր գործընկերը կամ հաճախորդը ներառված է այդ ցանկում։ Բացի այդ, ՄԹ կառավարությունը բիզնեսներին էլեկտրոնային ծանուցումներ է ուղարկում՝ Ամփոփված ցանկում կատարված փոփոխությունների մասին տեղեկացնելու նպատակով։ Մանրամասները ներկայացված են 7.4 բաժնում։

4.2.3. Սեփականություն և վերահսկողություն

Այս բաժնում բացատրվում է «սեփականություն և վերահսկողություն» հասկացությունը, քանի որ ՄԹ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումները տարածվում են ոչ միայն այն անձանց վրա, որոնք նշված են իրենց անունով, այլև այն կազմակերպությունների վրա, որոնք պատկանում են նրանց կամ վերահսկվում են նրանց կողմից։ Ուստի համապատասխանության ապահովման համար պահանջվում է լրացուցիչ պատշաճ ուսումնասիրություն, այլ ոչ միայն պարզապես Ամփոփված ցանկը ստուգելը։ Ավելի մանրամասն ուղեցույցը ներկայացված է 6.3-րդ բաժնում։

Ակտիվների սառեցման պատժամիջոցները տարածվում են ոչ միայն Ամփոփված ցանկում նշված անձանց, այլ նաև իրավաբանական անձանց վրա, եթե՝

  • պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձը անմիջականորեն կամ անուղղակիորեն տիրապետում է տվյալ կազմակերպության բաժնեմասերի կամ քվեարկության իրավունքի ավելի քան 50%-ին
  • պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձը իրավունք ունի՝ անմիջականորեն կամ անուղղակիորեն նշանակել կամ հեռացնել կազմակերպության տնօրենների մեծամասնությանը կամ
  • կան հիմքեր ակնկալելու, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձը կարող է այնպես անել, որ կազմակերպության գործառնությունները կատարվեն իր կամքին համահունչ։ Այդ իրավիճակի մեկնաբանման մանրամասները ներկայացված են ՄԹ ֆինանսական պատժամիջոցների ընդհանուր ուղեցույցում։

Նման իրավաբանական անձինք կարող են իրենց անունով նշված չլինել որպես պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ, ուստի նրանց անունները կարող են չլինել Ամփոփված ցանկում։ Այնուամենայնիվ, դրանք պետք է դիտարկվեն որպես ակտիվների սառեցման ենթակա անձինք։

Եթե պատժամիջոցների ենթարկված երկու կամ ավելի անձինք միասին տիրապետում են կազմակերպության բաժնեմասերի ավելի քան 50%-ին, սակայն նրանցից յուրաքանչյուրը առանձին ունի 50%-ից քիչ բաժնեմաս, և չկա որևէ ապացույց, որ այդ բաժնեմասերը համատեղ են պահվում կամ գոյություն ունի համատեղ պայմանավորվածություն, ապա այդ կազմակերպությունը չի համարվում պատժամիջոցների ենթարկված անձի կողմից տնօրինվող։

Նախքան գործարք կատարելը խստիվ խորհուրդ է տրվում ստուգել՝

  • արդյոք գործարքի կողմերից որևէ մեկը ներառված է Ամփոփված ցանկում, և
  • արդյոք դրանք պատկանում կամ վերահսկվում են Ամփոփված ցանկում ներառված որևէ անձի կողմից։

Սա հատկապես կարևոր է այն գործարքների համար, որոնք հայկական բիզնեսները իրականացնում են ՄԹ կողմերի հետ, քանի որ ՄԹ անձանց համար արգելված է՝

  • գործ ունենալ այն միջոցների կամ տնտեսական ռեսուրսների հետ, որոնք պատկանում են, պահվում կամ վերահսկվում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձի կողմից
  • ֆինանսական միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրել պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձին կամ նրա օգտին
  • ներգրավվել գործողությունների մեջ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն շրջանցում են ֆինանսական պատժամիջոցների արգելանքները։

Ֆինանսական միջոցները և տնտեսական ռեսուրսները պետք է անմիջապես «սառեցվեն» ՄԹ անձի կողմից, որը ունի դրանց նկատմամբ տիրապետում կամ վերահսկողություն։

Ֆինանսական միջոցները կամ տնտեսական ռեսուրսները համարվում են պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձին պատկանող և, հետևաբար, ենթակա են «սառեցման», եթե՝

  • պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձն ունի դրանց նկատմամբ որևէ իրավական կամ փաստացի սեփականության իրավունք
  • դրանք համատեղ սեփականության իրավունքով պատկանում են նաև պատժամիջոցների ցանկում չընդգրկված անձի։

4.2.4. Բացառություններ և արտոնագրեր

ՄԹ կառավարությունը տրամադրում է մի շարք արտոնագրեր, որոնք թույլատրում են որոշ գործողություններ, որոնք հակառակ դեպքում կդիտվեին որպես արգելված։ Գոյություն ունի արտոնագրերի երկու տեսակ՝

  1. Ընդհանուր արտոնագրեր․ սրանք թույլատրում են առանց անհատական արտոնագիր ստանալու անհրաժեշտության որոշակի գործունեություն, որը հակառակ դեպքում կարգելվեր։ ՄԹ կառավարությունն հրապարակում է Ընդհանուր արտոնագրերի ցանկ, որը հաճախակի թարմացվում է՝ նոր արտոնագրերի տրամադրման և առկա արտոնագրերի վավերականության ժամկետի ավարտի հետ կապված։ Ընդհանուր արտոնագրերը ներառում են օգտագործման, հաշվառման և հաշվետվության ներկայացման վերաբերյալ նախապես ծանուցման պահանջներ։

  2. Հատուկ արտոնագրեր․ սրանք կարող են տրամադրվել դիմումի հիման վրա, որը կարող է ներկայացվել ՄԹ անձանց, ՄԹ անձ հանդիսացող աշխատակիցներ ունեցող ընկերության, կամ պատժամիջոցների տակ հայտնված անձի կամ նրա ներկայացուցչի (օրինակ՝ իր անունից հանդես եկող իրավաբանական ընկերության) կողմից, եթե հանգամանքները համապատասխանում են Կանոնակարգերի Հավելված 5-ում նշված արտոնագրման հիմքերից որևէ մեկին։ Այս հիմքերը սահմանափակ են և կարող են ներառել, օրինակ՝

    • պատժամիջոցների տակ հայտնված անձի հիմնական կարիքները բավարարելը
    • նախկինում ընդունված դատական որոշումը կատարելը
    • պարտավորություն կատարելը, որը ծագել է մինչև տվյալ անձի պատժամիջոցների տակ հայտնվելը
    • հումանիտար, բժշկական կամ սննդի հետ կապված գործունեություն իրականացնելու համար

Կանոնակարգերը նախատեսում են ակտիվների սառեցման պատժամիջոցների որոշ բացառություններ։ Դրանք կիրառվում են ավտոմատ կերպով՝ սահմանված որոշակի հանգամանքներում և ՄԹ անձից չեն պահանջում արտոնագրի ստացում։ Այդ բացառությունների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ։ Սակայն այդ հանգամանքները շատ սակավաթիվ են, ուստի նախքան ենթադրելը, թե դրանք կիրառելի են ձեր պարագայում, խորհուրդ է տրվում ստանալ իրավաբանական խորհրդատվություն։

4.3. Առևտրային պատժամիջոցներ

ՄԹ-ն սահմանել է ծավալուն առևտրային պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք ընդգրկում են ապրանքների և ծառայությունների գերակշիռ մեծամասնությունը։ ՄԹ առևտրային պատժամիջոցների հիմնական առաջնահերթություններից է կանխել Ռուսաստանի կողմից այնպիսի ապրանքների ձեռքբերումը, որոնք ուղղակիորեն նպաստում են նրա ռազմական ներուժին։ Այդ տեսանկյունից մտահոգություն առաջացնող ապրանքներն ընդգրկված են  Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկում (CHPL), որը համատեղ մշակվել է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ճապոնիայի կողմից։ Թեև CHPL-ը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ամբողջական ցանկը չէ (տե՛ս Բաժին 4.3.2), և ՄԹ պատժամիջոցների շրջանցման ցանկացած փորձ դիտարկվում է ամենայն լրջությամբ, Հայաստանում հիմնված բիզնեսները պետք է ցուցաբերեն հատուկ զգուշություն CHPL ապրանքներով առևտուր իրականացնելիս, եթե առկա է ռիսկ, որ դրանց վերջնական նպատակակետը կարող է լինել Ռուսաստանը։

Ինչպես նշված է Բաժին 3-ում, եթե ապրանքները կամ ծառայությունները մատակարարվելու են ՄԹ ընկերության կողմից, ապա այդ ընկերությունը պետք է համոզված լինի, որ դրանք չեն փոխանցվի Ռուսաստանին կամ Ռուսաստանի հետ առնչություն ունեցող անձի, եթե դա կհակասի ՄԹ պատժամիջոցներին։ Բավարար երաշխիքների բացակայության դեպքում ՄԹ մատակարարը՝ այդ թվում նաև ներգրավված բանկերը, հավանաբար կհրաժարվեն գործարքից։

4.3.1. ՄԹ պատժամիջոցներին ենթակա գործունեություն

ՄԹ պատժամիջոցները որոշ ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ ներառում են արգելքներ հետևյալ տեսակի գործարքների վրա։ Այս պատժամիջոցները վերաբերում են այն ապրանքներին և տեխնոլոգիաներին, որոնք հատուկ նշված են Կանոնակարգերում։ Բաժին 7.1-ում ներկայացված է գործնական ուղեցույց, թե ինչպես պարզել՝ արդյոք տվյալ ապրանքը ենթակա է ՄԹ պատժամիջոցներին։ Թեև օրենքով միայն ՄԹ անձինք և ՄԹ տարածքում գտնվող անձինք են պարտավոր գործել այս սահմանափակումների համաձայան, սակայն հայաստանյան բիզնեսները, որոնք ներգրավված են նման գործարքներում, կարող են ենթարկվել Բաժին 3.3-ում նկարագրված ռիսկերի։

Ստորև ներկայացված է ՄԹ առևտրային պատժամիջոցներով սահմանափակվող գործունեության տեսակների խիստ համառոտ ամփոփումը։ Սահմանափակումների ճշգրիտ պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված այն կոնկրետ ապրանքներից կամ ծառայություններից, որոնց հետ առնչվում եք։ Լրացուցիչ տեղեկություններ ներկայացված են այստեղ՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ուղեցույց՝ GOV.UK։

1․ Արտահանում

  • պատժամիջոցների ենթակա ապրանքների ուղիղ արտահանում ՄԹ-ից Ռուսաստան

  • պատժամիջոցների ենթակա ապրանքների արտահանում ՄԹ-ից՝ «Ռուսաստանում օգտագործման համար»։ Սա ներառում է, օրինակ, այն դեպքերը, երբ ապրանքներն ուղարկվում են երրորդ երկիր, բայց հետագայում փոխանցվում են Ռուսաստան։

2․ Ներմուծում

  • պատժամիջոցների ենթակա ապրանքների ներմուծում ՄԹ, եթե դրանք առաքվել են Ռուսաստանից կամ ծագում են Ռուսաստանից։ Սա ներառում է, օրինակ, պատժամիջոցների տակ գտնվող այն ապրանքները, որոնք չեն առաքվում անմիջապես Ռուսաստանից ՄԹ, այլ ուղարկվում են երրորդ երկրի միջոցով

  • Ռուսաստանից ծագող, Ռուսաստանում գտնվող կամ Ռուսաստանի հետ կապ ունեցող անձից ստացված՝ պատժամիջոցների ենթակա ապրանքները ուղղակի կամ անուղղակի ձևով ձեռք բերելը՝ այն դիտավորությամբ, որ այդ ապրանքները մուտք գործեն ՄԹ։

3․ Մատակարարում և առաքում

  • Պատժամիջոցների ենթակա ապրանքների մատակարարում և առաքում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով՝
    • երրորդ երկրից Ռուսաստան,
    • Ռուսաստանից երրորդ երկիր, կամ
    • երրորդ երկրների միջև

4․ Պատժամիջոցների ենթակա ապրանքները ուղղակի կամ անուղղակի ձևով հասանելի դարձնելը

  • Ռուսաստանում օգտագործման համար
  • Ռուսաստանի հետ կապված անձի համար

5․ Պատժամիջոցների ենթակա տեխնոլոգիաների փոխանցում (այդ թվում՝ ծրագրային ապահովման)

  • Ռուսաստանի տարածք
  • Ռուսաստանի հետ կապված անձի
  • Ռուսաստանից՝ՄԹ-ի սահմաններից դուրս գտնվող անձանց կամ վայրեր

6․ Պատժամիջոցների ենթակա ապրանքների հետ կապված տեխնիկական աջակցություն

  • Պատժամիջոցների ենթակա ապրանքների հետ կապված տեխնիկական աջակցության ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրում՝

    • Ռուսաստանի հետ կապված անձի
    • Ռուսաստանում օգտագործման համար
    • Պատժամիջոցների ցանկում ներառված անձանց (օդանավերի և նավերի համատեքստում)

7․ Պատժամիջոցների ենթակա գործունեությանը վերաբերող ֆինանսական ծառայություններ կամ միջոցներ

  • պատժամիջոցների ենթակա առևտրային գործունեության կապակցությամբ  Ռուսաստանի հետ կապված անձի ֆինանսական ծառայությունների կամ միջոցների ուղղակի կամ անուղղակի տրամադրում

8․ Պատժամիջոցների ենթակա գործունեության հետ կապված բրոքերային ծառայություններ

  • պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման կամ առաքման հետ կապված բրոքերային ծառայությունների ուղղակի կամ անուղղակի տրամադրում՝

    • երրորդ երկրից Ռուսաստանի տարածք, կամ
    • Ռուսաստանի հետ կապված անձի

Նմանատիպ սահմանափակումներ կիրառվում են նաև Ուկրաինայի այն շրջանների նկատմամբ, որոնք գտնվում են ուկրաինական կառավարության վերահսկողությունից դուրս (Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն և Զապորոժիե):

4.3.2. Ի՞նչ ապրանքներ են ենթակա ՄԹ պատժամիջոցներին

Ռուսաստան արտահանման (և վերոնշյալ հարակից գործունեության տեսակների) նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ընդգրկում են ապրանքների լայն շրջանակ և որոշ դեպքերում նաև տեխնոլոգիաներ, ներառյալ հետևյալները (համապատասխան Կանոնակարգերի հղումներով).

  • ռազմական, երկակի օգտագործման և ներքին բռնաճնշման նպատակով օգտագործվող ապրանքներ (Գլուխ 2)
  • բարձր տեխնոլոգիաներ, ավիացիոն, ծովային և տիեզերական ոլորտների ապրանքներ (Գլուխ 2)
  • էներգետիկ ոլորտին առնչվող ապրանքներ (Գլուխ 4)
  • շքեղ ապրանքներ (պատժամիջոցները կիրառվում են ցանկում նշված այն շքեղ ապրանքների նկատմամբ, որոնց արժեքը գերազանցում է սահմանված շեմը, այդ թվում՝ £42,000-ից բարձր արժողությամբ ավտոմեքենաները) (Գլուխ 4Բ)
  • ապրանքների լայն շրջանակ, որոնց մատակարարման հարցում Ռուսաստանը զգալիորեն կախված է ՄԹ-ից և G7-ի նրա գործընկերներից, կամ որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ռուսական տնտեսության համար (Գլուխ 4H և Գլուխ 4M):

Ռուսաստանից ներմուծման (և վերոնշյալ հարակից գործունեության տեսակների) նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նույնպես վերաբերում են ապրանքների և տեխնոլոգիաների լայն շրջանակի, այդ թվում՝

  • նավթ և նավթամթերքներ, հեղուկացված բնական գազ, ածուխ և ածխամթերքներ (Գլուխ 4I, Գլուխ 4K և Գլուխ 4Լ)
  • որոշակի երկաթյա և պողպատյա ապրանքներ, ներառյալ երրորդ երկրներում մշակված ռուսական երկաթն ու պողպատը (Գլուխ 4C և Գլուխ 4CA)
  • որոշակի հումքային նյութեր և պատրաստի արդյունաբերական ապրանքներ, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի համար (Գլուխ 4G  և Գլուխ 4GA)
  • ոսկի և ադամանդներ, ներառյալ երրորդ երկրներում մշակված ապրանքները (Գլուխ 4J, Գլուխ 4JA, Գլուխ 4JB և Գլուխ 4JC)

4.4.1. Ծառայություններ

ՄԹ պատժամիջոցները նախատեսում են արգելքներ հետևյալ ծառայությունների տրամադրման վրա․

  • մասնագիտական և բիզնես ծառայություններ, այդ թվում՝ հաշվապահական, բիզնես և կառավարման խորհրդատվություն, հասարակայնության հետ կապերի, գովազդային, ճարտարապետական, աուդիտորական, ինժեներական և ՏՏ խորհրդատվական ու նախագծման ծառայություններ՝ Ռուսաստանի հետ կապված անձանց, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվական ծառայություններ ՄԹ անձ չհանդիսացող անձանց ցանկացած գործունեության առնչությամբ, որը, եթե իրականացվեր ՄԹ անձի կողմից կամ ՄԹ տարածքում, կդիտվեր որպես Ռուսաստանի նկատմամբ ՄԹ պատժամիջոցների խախտում
  • ծովային փոխադրումների, ապահովագրության և այլ ֆինանսական ծառայությունների տրամադրումն այն նավերի համար, որոնք տեղափոխում են ռուսական հում նավթ կամ վերամշակված նավթամթերք դեպի երրորդ երկրներ կամ երրորդ երկրների միջև, եթե այդ նավթը կամ նավթամթերքը վաճառվել է սահմանված գնի առավելագույն շեմից բարձր
  • արգելք Ռուսաստանին պատկանող կամ նրա կողմից շահագործվող բոլոր օդանավերի և նավերի՝ ՄԹ օդային տարածք մուտքի, ՄԹ տարածքում վայրէջքի, ՄԹ նավահանգիստներ մուտքի վրա, ինչպես նաև արգելք ավիացիայի և նավերի տեխնիկական աջակցության վրա, որը ուղղված է կամ ի շահ է պատժամիջոցների ցանկում ներառված անձանց։

4.4.2. Բացառություններ և արտոնագրեր

Ինչպես ֆինանսական պատժամիջոցների դեպքում է, ՄԹ կառավարությունը տրամադրում է մի շարք արտոնագրեր, որոնք թույլ են տալիս իրականացնել առևտրային գործունեություն, որը հակառակ դեպքում կարգելվեր։ Արտոնագրերը լինում են երկու տեսակի՝ ընդհանուր և հատուկ։

  1. Ընդհանուր առևտրային արտոնագրեր․ սրանք առանց հատուկ արտոնագիր ստանալու անհրաժեշտության թույլատրում են հատուկ սահմանված գործողություններ, որոնք հակառակ դեպքում կդասակարգվեին որպես արգելված։ Դրանց թվում է այն արտոնագիրը, որը վերաբերում է «գնի սահմանաչափից» ցածր նավթին և նավթամթերքներին։ Ընդհանուր առևտրային արտոնագրերը պարունակում են պահանջներ՝ նախապես ծանուցման, փաստաթղթավորման և հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ։

  2. Հատուկ արտոնագրեր․ սրանք կարող են տրամադրվել դիմումի հիման վրա, որը կարող են ներկայացնել ՄԹ անձինք, ՄԹ անձ հանդիսացող աշխատակիցներ ունեցող ընկերությունները կամ նրանց ներկայացուցիչները (օրինակ՝ իրավաբանական ընկերություն, որը գործում է նրանց անունից), սակայն միայն այն դեպքում, երբ հանգամանքները համապատասխանում են օրենքով սահմանված արտոնագրման հիմքերից որևէ մեկին։ Դրանք ներառում են հետևյալը․

  • մարդասիրական օգնություն կամ առողջության, անվտանգության կամ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով
  • բժշկական և դեղագործական նպատակներով՝ ի շահ քաղաքացիական բնակչության
  • ֆինանսական ներդրումների դուրսբերում՝ որոշակի պայմաններով
  • ճգնաժամային էներգիայի մատակարարում որևէ երկրի

Կանոնակարգերով նաև սահմանվում են առևտրային պատժամիջոցների որոշակի սահմանափակ բացառություններ, որոնք կիրառվում են ավտոմատ կերպով՝ Կանոնակարգերում հստակ սահմանված հանգամանքներում, և որոնց համար ՄԹ անձանց անհրաժեշտ չէ արտոնագիր ստանալ։ Այս բացառությունները համառոտ ներառում են հետևյալը․

  • անձնական օգտագործման իրեր
  • սպառողական հաղորդակցման սարքեր և ծրագրային ապահովման թարմացումներ
  • ինքնաթիռների, նավերի և ծովային ապրանքների որոշ բացառություններ
  • մասնագիտական, բիզնես և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների որոշ բացառություններ
  • երկաթի և պողպատի որոշ տեսակների ներկրում
  • նավթ և նավթամթերքներ, որոնք տարանցվում են Ռուսաստանի տարածքով

Այս բացառությունները կիրառվում են սահմանափակ հանգամանքներում, և խորհուրդ է տրվում ստանալ իրավաբանական խորհրդատվություն՝ մինչև ենթադրելը, որ դրանք կիրառելի են ձեր պարագայում։

4.5. Պատժամիջոցների այլ տեսակներ

Վերոնշյալ միջոցառումներից բացի, ՄԹ պատժամիջոցները ներառում են նաև այլ գործունեության տեսակների լայն շրջանակ։ Դրանք այստեղ չեն լուսաբանվում, քանի որ քիչ հավանական է, որ անմիջականորեն վերաբերեն Հայաստանում գործունեություն իրականացնող բիզնեսներին։ Լրացուցիչ տեղեկություն կարելի է գտնել ՄԹ-ի օրենսդրական ուղեցույցում։

5.Հայաստանի համապատասխան օրենսդրությունն ու քաղաքականությունը

Հայաստանը չի կիրառում ՄԹ-ի պատժամիջոցները կամ սեփական ազգային պատժամիջոցներ։ Այնուամենայնիվ, որոշ հայկական օրենքներ և միջոցառումներ կարգավորում են այնպիսի գործողություններ, որոնք արգելված են ՄԹ պատժամիջոցներով։ Սույն բաժնում ներկայացված է այդպիսի օրենքների համառոտ ամփոփումը։

ՄԹ կառավարությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնի բովանդակության ճշգրտության համար։ Հայաստանի օրենսդրության շրջանակում գործելիս դուք պետք է խորհրդակցեք համապատասխան պաշտոնական աղբյուրների հետ և ստանաք համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։

Սույն բաժնի նպատակն է ընդգծել լրացուցիչ խոչընդոտներն ու ռիսկերը, որոնց կարող են բախվել Հայաստանի տարածքում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե նրանք մասնակցեն այնպիսի գործունեության, որը կարող է դիտվել որպես ՄԹ պատժամիջոցների շրջանցում։

5.1. Միջոցառումներ, որոնք կիրառվում են Հայաստանի ֆինանսական ոլորտում

Հայաստանի բանկերն ու ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունները պարտավոր են համապատասխանել Հայաստանի կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (Կենտրոնական դեպոզիտարիա) կողմից սահմանված միջոցառումներին։ Նրանք ընդունել են մի շարք միջոցառումներ, որոնք գործնականում կարող են սահմանափակել Ռուսաստանի կամ Ռուսաստանի հետ առնչվող անձանց հետ կապված գործարարությունը։ Այդ միջոցառումները կարող են նաև նշանակել, որ հայկական բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները պետք է ՛հրաժարվեն կատարել որոշ գործարքներ, եթե ունեն մտահոգություններ, որ դրանք չեն համապատասխանում ՄԹ-ի (կամ այլ) պատժամիջոցներին։

Կենտրոնական բանկի միջոցառումները․

  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն՝ հաշվետու կազմակերպությունները պարտավոր են հայտնաբերել, կանխել և զեկուցել կասկածելի գործարքներն ու գործարար հարաբերությունները Կենտրոնական բանկին։ Զեկուցման ենթակա են այնպիսի գործարքներ, որոնք կարող են կապված լինել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ այլ ապօրինի գործունեության հետ, ինչը կարող է ներառել նաև հնարավոր պատժամիջոցների խախտումներ։
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր «էական գործարքի» համար (որը գերազանցում է 20 միլիոն դրամը) պետք է ներկայացվի հաշվետվություն՝ ներառելով մանրամասնություններ, այդ թվում՝ իրական շահառուների վերաբերյալ տեղեկություն։

Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցառումները․

  • Կենտրոնական դեպոզիտարիան ընդունել է պարտադիր կանոններ՝ արժեթղթերի շուկայի համար թարմացված գործառնական քաղաքականություններով։ Դրանք ներառում են «Միջազգային պատժամիջոցներին համապատասխանության քաղաքականություն» փաստաթուղթը, որը սահմանում է շրջանակ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ՄԹ և այլ միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու համար
  • Վերջերս Կենտրոնական դեպոզիտարիան պարտադրել է դեպոզիտարիայի օպերատորներին ներկայացնել միջազգային, այդ թվում՝ ՄԹ պատժամիջոցների պահանջներին համապատասխանության աստիճանի վերաբերյալ հաստատում։

5.2. Հայկական բանկերի կողմից ձեռնարկված միջոցառումներ

Բացի Կենտրոնական բանկի և Կենտրոնական դեպոզիտարիայի պարտադրած վերոնշյալ միջոցառումներից՝ հայկական բանկերը կարող են նաև սահմանափակել կամ մերժել ծառայությունների մատուցումը այն հաճախորդներին, որոնք գտնվում են ՄԹ կամ այլ օտարերկրյա պատժամիջոցների ներքո։

  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն՝ բանկերն իրավունք ունեն ընտրելու իրենց հաճախորդներին և կարող են մերժել ծառայություններ մատուցել՝ ելնելով իրենց ռիսկի ներքին գնահատումներից, որոնք կարող են ներառել հեղինակությանը սպառնացող ռիսկերն ու պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների հետ համագործակցության հետևանքով առաջացող հնարավոր իրավական պատասխանատվությունը։
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն՝ ռիսկի գործոններից կախված, ֆինանսական կազմակերպությունները կարող են որոշում կայացնել կամ պարտավոր լինել մերժել հաշվի բացումը, կասեցնել գործարքը, իսկ ահաբեկչության կասկածի դեպքում՝ սառեցնել ակտիվները։

5.3. Առևտրային միջոցառումներ

ՀՀ կառավարության 25 մայիսի 2023 թվականի N 808-Ն որոշումը սահմանում է որոշ զգայուն ապրանքների արտահանման վերահսկողություն։ Այդ ապրանքների ցանկը պարբերաբար վերանայվում է (վերջին անգամ՝ 2024թ. մարտին) և ներառում է այն ապրանքները, որոնք ՄԹ-ն և նրա դաշնակիցները համարում են Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքներ (CHPI)։

Նման ապրանքները Ռուսաստան արտահանելու համար անհրաժեշտ է ստանալ արտահանման թույլտվություն Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից։

Առկա են սահմանափակ թվով բացառություններ, որոնք թույլատրում են արտահանում հետևյալ նպատակներով․

  • անհատական օգտագործման համար (քանակները չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2020 թ. փետրվարի 13-ի 171-Ն որոշմամբ սահմանված առևտրային չափաքանակները)
  • ցուցահանդեսների, մշակութային կամ սպորտային միջոցառումների, միջազգային ֆորումների կամ պետական հանդիպումների կազմակերպման նպատակով, այն պայմանով, որ ապրանքները հետագայում արտահանվեն այն երկիր, որտեղից ներմուծվել են։

5.4. Պատժամիջոցներ և կիրարկում

Հայաստանում գործող բիզնեսները, որոնք չեն կատարում վերը նշված պահանջները, կարող են ենթարկվել մի շարք պատժամիջոցների, այդ թվում՝

  • Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ վերապատրաստում, ենթարկել ֆինանսական հաստատությունը խստացված վերահսկողության (այդ թվում՝ աուդիտների), պահանջել համապատասխանության ապահովման բաժնի ընդլայնում, իսկ հիմնավոր դեպքերում՝ նաև հետ կանչել տվյալ ֆինանսական հաստատության գործունեության արտոնագիրը
  • Կենտրոնական բանկը լիազորված է կասեցնելու ցանկացած գործարք՝ թե՛ դրամական, թե՛ արժեթղթերի հետ կապված, եթե արձանագրի փողերի լվացման դեմ օրենսդրության խախտման հիմնավոր ռիսկ
  • Փողերի լվացման դեմ օրենքների խախտումը կարող է հանգեցնել վարչական տուգանքների և քրեական պատիժների
  • Հայաստանի մաքսային օրենսգիրքը նախատեսում է տարբեր մաքսային իրավախախտումներ (օրինակ՝ ապրանքների անօրինական արտահանում կամ ներմուծում, մաքսային ընթացակարգերի պայմանների խախտում), որոնք կարող են պատժվել նախազգուշացումով, տուգանքով, ապրանքների բռնագրավմամբ կամ ազատազրկմամբ
  • 808-Ն որոշմամբ թվարկված ապրանքները կարող են կասեցվել սահմանին, եթե արտահանվում են առանց համապատասխան արտահանման արտոնագրի
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նախատեսում է իրավաբանական անձանց նկատմամբ քրեական պատասխանատվություն կիրառելու հնարավորություն

6. Պատժամիջոցների ռիսկերի կառավարման եվ պատժամիջոցներին համապատասխանելու խրախուսման գործնական քայլեր

Պատժամիջոցների ռիսկերի կառավարման համընդհանուր մոտեցում գոյություն չունի։ Ընդհանուր առմամբ, լավագույն փորձն այն է, որ կատարեք ձեր բիզնեսի կոնկրետ գործունեության ռիսկերի գնահատում, ապա մշակեք և կիրառեք պատժամիջոցների վերաբերյալ ընկերության քաղաքականությունը՝ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարելու համար։ Ստորև ներկայացվում են մի շարք պարզեցված և գործնական քայլեր, որոնք կարող են օգտակար լինել այս գործընթացում։

6.1. Ռիսկերի գնահատում

Օգտվելով այս ուղեցույցում և այլ ուղեկցող աղբյուրներում (օրինակ՝ Բաժին 7-ում նշվածները) ներկայացված տեղեկատվությունից՝ բացահայտեք և գնահատեք ձեր բիզնեսի հետևյալ ռիսկերը․

  • երկրի օրենքների խախտում
  • գործարքների իրականացում, որոնք թեև չեն հանդիսանում երկրի օրենքների խախտում, սակայն կարող են հետևանքներ ունենալ ձեր ապագա առևտրային գործունեության վրա

Ռիսկի պրոֆիլները (երբեմն անվանվում են «զգուշացնող ազդանշան») կարող են ներառել հետևյալը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ սա նկարագրական ցանկ է և սպառիչ չէ։ Այն կազմվել է տարբեր ուղեցույցներից, ՄԹ-ի «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման հակազդման վերաբերյալ՝ ուղեցույց արտահանողների համար» և «G7-ի թարմացված ոլորտային ուղեցույց՝ ռուսական արտահանման վերահսկողության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու վերաբերյալ»։

1. Ձեր բիզնես գործընկերներն ու հաճախորդները

  • Պատժամիջոցների կիրառման որոշումներ․
    • արդյո՞ք նրանք պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք են, թե՞ պատկանում են կամ վերահսկվում են այդպիսի անձանց կողմից, կամ՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը հասանելի չէ (այս ստուգումները կատարելու ուղեցույցը տրված է Բաժին 6.3-ում)։
    • արդյո՞ք նրանց իրական շահառուն փոխվել է պատժամիջոցները կիրառելուց անմիջապես առաջ կամ հետո
    • նրանք կապեր ունեն արդյո՞ք պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց հետ, օրինակ՝ համատեղ ձեռնարկություններ կամ համագործակցության համաձայնագրեր
    • արդյո՞ք նրանց հասցեն կամ կոնտակտային տվյալները նույնն են, ինչ  պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց տվյալներն ու հասցեն
  • Կապ Ռուսաստանի հետ․
    • արդյո՞ք նրանք ֆիզիկական անձինք են, ովքեր բնակվում կամ գտնվում են Ռուսաստանում
    • արդյո՞ք դրանք ընկերություններ են, որոնք հիմնադրվել են կամ գրանցված են Ռուսաստանում
    • արդյո՞ք դրանք ռուսաստանյան ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են
    • արդյո՞ք նրանք բիզնես են անում ռուսական ընկերությունների հետ, հատկապես Ռուսաստանի պաշտպանական ոլորտում գործող ընկերությունների հետ
  • Հնարավոր կեղծ ընկերություններ․
    • արդյո՞ք նրանք խուսափում են տրամադրել հստակ տվյալներ իրենց մասին; արդյո՞ք չունեն կայք կամ կայքում շատ քիչ տեղեկատվություն կա
    • արդյո՞ք նրանք օգտագործում են անհարկի բարդ առևտրային գործընթացներ, օրինակ՝ բազմաշերտ ակրեդիտիվներ, միջնորդներ կամ բրոքերներ
    • արդյո՞ք նրանց հասցեն չի համապատասխանում իրենց գործունեությանը կամ հանդիսանում է բնակելի հասցե
    • արդյո՞ք նրանք կիսում են իրենց տարածքը կամ գրանցված հասցեն մի քանի բիզնեսների կամ հոլդինգային ընկերությունների հետ, որոնք առևտուր են իրականացնում նմանատիպ ապրանքներով․ սա կարող է նպատակ ունենալ քողարկել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների անօրինական առևտուրը
    • արդյո՞ք նրանք վերջերս են հիմնադրվել կամ վերագործարկվել կամ ունեցել են վերջին շրջանում սեփականության կամ կառավարման փոփոխություններ
    • արդյո՞ք նրանք ունեն չնչին պատմություն կամ ընդհանրապես չունեն պատմություն տվյալ ապրանքի գնման հետ կապված
    • արդյո՞ք հաղորդակցությունները իրականացվում են ներկայացուցչի միջոցով, մինչդեռ բարձրագույն ղեկավար կազմը հասանելի չէ
    • արդյո՞ք նրանք մերժում են տվյալ արտադրանքի հետ կապված ստանդարտ տեղադրման, ուսուցման կամ տեխնիկական սպասարկման ծառայությունները
  • Ապրանքների վերջնական օգտագործում
    • արդյո՞ք կա որևէ պատճառ կասկածելու, որ նրանք ներգրավված են պատժամիջոցների շրջանցման մեջ
    • արդյո՞ք ապրանքի նախատեսված վերջնական օգտագործումը պարզ և տրամաբանական է, թե նրանք պատրաստ չեն տրամադրել մանրամասներ այս մասին
    • արդյո՞ք նրանց հաստատող փաստաթղթերը, ինչպես օրինակ հաշիվ-ապրանքագիրը, պարունակում են հակասական տեղեկություններ կամ դրանցում չի նշվում իրական վերջնական օգտագործողը, այլ նշվում է միայն միջնորդը, օրինակ՝ փոստային կենտրոնը, առևտրային ընկերությունը կամ լոգիստիկ ընկերությունը

2. Ձեր ապրանքները և առաքումը

  • արդյո՞ք դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներմուծվում են ՄԹ-ից (կամ այլ երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ)
  • արդյո՞ք դրանք ենթակա են որևէ պատժամիջոցների կամ արտահանման կամ ներմուծման վերահսկողության․ ստուգեք դրանց ապրանքային կոդերը, հատկապես՝ արդյո՞ք դրանք գտնվում են Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկում (CHPL)։ Արդյո՞ք ձեր ՄԹ մատակարարը տեղեկացնում է ձեզ, եթե որևէ ապրանք պատժամիջոցների տակ է կամ Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկում (CHPL) է
  • արդյո՞ք դրանք պարունակում են Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկում (CHPL) գտնվող բաղադրիչներ և ենթակա են դուրս հանման կամ չարաշահման
  • արդյո՞ք ձեզ առաջարկված առևտուրը չի համապատասխանում սովորական առևտրային օրինաչափություններին, օրինակ՝ ապրանքների ծավալները կամ գները էապես աճել են պատժամիջոցների սահմանումից հետո
  • արդյո՞ք ապրանքները չեն համապատասխանում հաճախորդի բիզնեսի բնույթին, օրինակ՝ բարդ համակարգիչների պատվեր փոքր հացաբուլկեղենի խանութի համար
  • կա՞ որևէ պատճառ կասկածելու, որ ապրանքների ծագման երկիրը կամ ապրանքի կոդը կեղծ է հայտարարագրված
  • արդյո՞ք նրանք օգտագործում են ոչ սովորական կամ շրջանցիկ առաքման ուղի ապրանքների համար
  • արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում արժեքները բաժանված են ավելի փոքր գումարների՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների կամ արտահանման վերահսկողության արժեքային շեմերից խուսափելու համար

3. Ձեր վճարումները

  • արդյո՞ք ձեր հաճախորդները օգտագործում են կեղծ ընկերություններ՝ միջազգային բանկային փոխանցումներ կատարելու համար
  • արդյո՞ք նրանք օգտագործում են կրիպտոարժույթ վճարման համար
  • արդյո՞ք նրանք օգտագործում են ֆինանսական հոսքերի շրջանցիկ ուղիներ, օրինակ՝ SWIFT համակարգից դուրս, փոքր արտասահմանյան բանկերի միջոցով
  • արդյո՞ք գնումներն իրականացվում են ակրեդիտիվով, որը տրամադրվում է թողարկող բանկին, ոչ թե իրական վերջնական օգտագործողին
  • արդյո՞ք նրանք հետաքրքրված չեն երաշխիքներով, տեխնիկական սպասարկմամբ, ծառայություններով, փոխարինող պահեստամասերով և այլ նմանատիպ հարցերով
  • արդյո՞ք գործարքներում առկա է վերջին պահին վճարման ուղղության փոփոխություն՝ մեկ այլ երկրի կամ ընկերության միջոցով
  • արդյո՞ք հաճախորդը պատրաստ է վճարել շուկայական գնի համեմատ էապես բարձր գումար ապրանքի համար

6.2. Սահմանեք ընկերության քաղաքականություն

Ձեր բիզնեսի ռիսկերի վերլուծության հիման վրա մշակեք ընկերության քաղաքականություն՝ պատժամիջոցների պայմանների համաձայն գործելու վերաբերյալ: Պարտադիր չէ, որ այն երկար կամ բարդ լինի, այլ պետք է համաչափ լինի ռիսկերին և արդյունավետ լինի դրանց կառավարման հարցում: Քաղաքականության երեք հիմնական բաղադրիչների օրինակը հետևյալն է.

  1. Գործադիր տնօրենին ազդարարեք համապատասխանության նկատմամբ ավագ ղեկավարության հանձնառության մասին, նշանակեք պարտականություններ առաջադրանքների համար, ինչպես նաև անցկացրեք վերապատրաստում և բարձրացրեք անձնակազմի իրազեկվածությունը։

  2. Կատարեք պատշաճ ուսումնասիրություն ձեր ներկայիս և հնարավոր գործընկերների/հաճախորդների վերաբերյալ՝ հաշվի առնելով Ռիսկերի գնահատման մեջ թվարկված հարցերը: Պահանջեք, որպեսզի նրանք պարզաբանեն ցանկացած անորոշ հարց և, եթե ապրանքները ենթակա են պատժամիջոցների, ստորագրեն Վերջնական օգտագործողի հավաստագիր՝ հավաստիացնելով, որ ապրանքները չեն մատակարարվելու Ռուսաստան, և ձեր պայմանագրում ներառեք դրույթներ, որոնք պահանջում են դրանց համապատասխանությունը պատժամիջոցներին: Այս կետերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները ներկայացված են ստորև:

  3. Մշտապես թարմացրեք ձեր քաղաքականությունը: Մշտական ուշադրություն դարձրեք երկրի օրենքների և պատժամիջոցների փոփոխություններին և անհրաժեշտության դեպքում համապատասխանեցրեք ձեր ընթացակարգերը: Կատարեք ստուգումներ և աուդիտներ ընթացակարգերի արդյունավետությունն ապահովելու համար։ Պարբերաբար վերապատրաստումներ անցկացրեք աշխատակիցների համար:

6.3. Ստուգեք, արդյո՞ք ձեր գործընկերները/հաճախորդները ենթակա են ակտիվների սառեցման

Գործող գործընկերների/հաճախորդների համար. դրանք պետք է ստուգվեին 6.1 բաժնում նշված ռիսկերի գնահատման գործընթացի շրջանակներում: Նույն ստուգումները պետք է կրկնվեն պարբերաբար, եթե հետագայում դրանք ավելացվեն պատժամիջոցների ցանկին:

Նոր հնարավոր գործընկերների/հաճախորդների համար պետք է անցկացվեն նույն ստուգումները: Գործող և հնարավոր նոր գործընկերների/հաճախորդների անունների և տվյալների ստուգումը կարող է իրականացվել ձեռքով կամ առևտրային ծրագրային գործիքների միջոցով: Ստուգման գործընթացը ներառում է.

  1. Ստուգեք անունը. OFSI-ի Ամփոփված ցանկում առանձին-առանձին որոնեք անունը և հասցեն՝ օգտագործելով «Control f» ստեղնը կամ որևէ որոնման գործիք: Եթե գտնեք անվան համընկնում, ստուգեք ցանկերում տրամադրված մյուս մանրամասները (օրինակ՝ ծածկանուններ, ծննդյան ամսաթվեր և հասցեներ)՝ համընկնման ճշգրտությունը ստուգելու համար։ Նկատի ունեցեք, որ պատժամիջոցների ցանկերում նշված հասցեի հետ համընկնող հասցեն կարող է վկայել կեղծ ընկերությունների կամ տրաստային ընկերությունների և ընկերություններին ծառայություններ մատուցողների օգտագործման մասին. սա պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի:

  2. Ստուգեք սեփականության իրավունքը. եթե գործընկերը/հաճախորդը նշված չէ պատժամիջոցների ցանկերից որևէ մեկում, դուք պետք է նաև ստուգեք, թե արդյոք նրանց ավելի քան 50%-ը պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող անձի, ինչպես նկարագրված է 4.2.2 բաժնում: Այս տեղեկությունները կարող են տրամադրվել գործընկերների/հաճախորդների կողմից, բայց դուք պետք է դրանք ստուգեք հանրային աղբյուրների միջոցով: Դուք պետք է գործեք մեծ զգուշությամբ, եթե չի հաջողվում ստանալ սեփականատերերի և վերջնական իրական շահառու սեփականատերերի վերաբերյալ հուսալի տեղեկություն, կամ եթե կա որևէ հիմք կասկածելու, որ նրանք պատկանում են պատժամիջոցների տակ գտնվող անձի։

  3. Ստուգեք վերահսկողությունը․ եթե գործընկերը/հաճախորդը ընդգրկված չէ պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցանկում իր անունով և չի պատկանում պատժամիջոցների տակ գտնվող անձի, պետք է նաև հաշվի առնել, թե արդյոք նա վերահսկվում է պատժամիջոցների տակ գտնվող անձի կողմից, ինչպես նկարագրված է 4.2.2 բաժնում: Կրկին խորհուրդ է տրվում մեծ զգուշություն ցուցաբերել գործընկերների/հաճախորդների նկատմամբ, եթե կա որևէ հիմք կասկածելու, որ նրանք կարող են վերահսկվել պատժամիջոցների տակ գտնվող անձի կողմից։

Եթե ​​գործընկերը/հաճախորդը պատժամիջոցների տակ գտնվող անձ է, կամ նրանք պատկանում են կամ վերահսկվում են պատժամիջոցների տակ գտնվող անձի կողմից, կամ կան լուրջ հիմքեր կասկածելու, որ նրանք կարող են լինել այդպիսին, ապա խստիվ խորհուրդ է տրվում նրանց հետ որևէ տեսակի գործարք չկատարել: Դրա իրականացումը կարող է՝

  • խախտել ազգային օրենսդրությունը
  • հանգեցնել նրան, որ ձեր բանկերը, մատակարարները և այլ գործընկերները դադարեցնեն համագործակցությունը ձեզ հետ
  • լուրջ դեպքերում հանգեցնել նրան, որ դուք ինքներդ դառնաք պատժամիջոցների տակ գտնվող անձ

6.4. Ստուգեք Ռուսաստանի հետ կապերը

Ի տարբերություն պատժամիջոցների տակ գտնվելուն, Ռուսաստանի հետ կապ ունենալը չի նշանակում, որ դուք չպետք է որևէ տեսակի գործարքներ կնքեք գործընկերոջ/հաճախորդի հետ։ Սակայն, երբ դիտարկում եք նոր գործընկերոջ կամ հաճախորդի հետ համագործակցելու հնարավորությունը, անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ նրա պատմության և բիզնես գործունեության վերաբերյալ՝ հատկապես ձեր կողմից նրան մատակարարվող ապրանքների վերջնական օգտագործման, վերջնական օգտագործողի և վերջնական նպատակակետ երկրի մասին։ Ձեր կողմից ձեռնարկվելիք քայլերը ներառում են՝

  • ներառեք դրույթներ ձեր պայմանագրերում, որոնք արգելում են ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց վերավաճառքը ցանկացած երրորդ կողմի, որը չի ստանձնում նույն պարտավորությունը
  • օգտվելով բաց աղբյուրներից՝ իրականացրեք հետազոտություն, այդ թվում՝ հանրային բիզնես գրանցամատյանների և առևտրային տվյալների բազաների ուսումնասիրություն
  • դիտարկեք 6.1 բաժնում Ռիսկերի գնահատման մեջ ներկայացված վերջնական օգտագործման վերաբերյալ հարցերը՝ հնարավորինս համոզվելու համար, որ չկա որևէ հիմք կասկածելու, որ ձեր ապրանքները կվերաարտահանվեն Ռուսաստան։ Ստուգեք հաճախորդի հայտարարությունները հաստատող լրացուցիչ փաստաթղթային ապացույցները
  • ստուգեք գործարքներին ներգրավված ցանկացած երրորդ կողմի, այդ թվում՝ բրոքերների, ենթակապալառուների և բեռնափոխադրողների ինքնությունը և դերակատարությունը *  ներառեք դրույթներ ձեր պայմանագրերում, որոնք թույլ են տալիս ձեզ չկատարել պայմանագրի պարտավորությունները՝ առանց իրավական պատասխանատվության, եթե դրա կատարումը կհանգեցնի ձեր ազգային օրենսդրության խախտմանը կամ կդառնա պատճառ, որ խախտեք ձեր պայմանագրերը ՄԹ-ում և այլ երկրներում գործող մատակարարների հետ
  • պահանջեք ստորագրված վերջնական օգտագործողի հավաստագիր, որում նշվում է տվյալ ապրանքի հուսալի, օրինական նպատակային վերջնական օգտագործումը, և որը հավաստում է, որ ապրանքները չեն մատակարարվի, վաճառվի, արտահանվի կամ փոխանցվի Ռուսաստան կամ Ռուսաստանի հետ կապված որևէ անձի, ինչպես նաև որևէ այլ անձի, որը ստանձնում է նույն պարտավորությունը (վերջնական օգտագործողի հավաստագրի օրինակը ներկայացված է 7.2 բաժնում)

Խստիվ խորհուրդ է տրվում չմատակարարել որևէ գործընկերոջ/հաճախորդի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, հատկապես Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքներ (CHPL), եթե կա որևէ հիմք կասկածելու, որ ձեր ապրանքները կարող են ուղարկվել Ռուսաստան։ Դա անելու դեպքում դուք ինքներդ ենթարկում եք ձեզ մի շարք լուրջ ռիսկերի՝

  • խախտել երկրի օրենքները
  • հանգեցնել նրան, որ ձեր բանկերը, մատակարարները և այլ գործընկերները դադարեցնեն համագործակցությունը ձեզ հետ
  • լուրջ դեպքերում՝ հանգեցնել նրան, որ դուք ինքներդ դառնաք պատժամիջոցների տակ գտնվող անձ

6.5. Պարբերական ստուգումներ և թարմացումներ

Պատժամիջոցները և դրանք կիրառող ազգային օրենքները կարող են արագ փոփոխվել։ Ուշադիր եղեք ցանկացած փոփոխության նկատմամբ և անհրաժեշտության դեպքում թարմացրեք ձեր ընթացակարգերը։ Դուք կարող եք գրանցվել և ՄԹ կառավարության կողմից ստանալ էլեկտրոնային ծանուցումներ (տես Բաժին 7)։

Պատժամիջոցներից խուսափել ցանկացողները շատ հնարամիտ են։ Շրջանցման ուղիներն ու մեթոդները հաճախ են փոփոխվում՝ հայտնաբերումից խուսափելու նպատակով։ Կարևոր է մշտապես զգոն լինել ցանկացած ի հայտ եկող նշանի նկատմամբ, որը ցույց է տալիս, որ ձեր բիզնեսը թիրախավորվել է շրջանցման նպատակով։

Ձեր բիզնեսի առևտրային հոսքերի և գնորդների վարքագծի մշտադիտարկումը որոշակի ժամանակահատվածում կարող է բացահայտել բարձր ռիսկային ապրանքների արտահանման զգալի տեղաշարժեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ այդ ապրանքները հնարավոր է ձեռք են բերվում դեպի Ռուսաստան վերաուղելու նպատակով։

Քանի որ շրջանցման մեխանիզմները մշտապես փոփոխվում են, բիզնեսները պետք է շարունակաբար գնահատեն, թե որքանով են իրենք ենթարկվում պատժամիջոցների ռիսկի, որպեսզի ապահովեն համապատասխանության ընթացակարգերի ու պատշաճ ուսումնասիրության մեխանիզմների շարունակական և արդյունավետ գործողությունը։

Բիզնեսին հատուկ խոցելիությունների քարտեզագրման գործընթացը պետք է կրկնվի պարբերաբար, քանի որ փոփոխվում են բիզնես հաճախորդներն ու առևտրային հոսքերը, ընդունվում են նոր պատժամիջոցներ, և հարմարեցվում են շրջանցման մեթոդները։

Նույնիսկ հաստատված առևտրային գործընկերների դեպքում պատշաճ ուսումնասիրությունը պետք է կրկնվի պարբերաբար՝ համոզվելու համար, որ ռիսկերը չեն փոխվել: Օրինակ, տնօրենների, կազմակերպության կարգավիճակի կամ գործարքների օրինաչափությունների փոփոխությունը կարող է վկայել հաճախորդի գործունեության ավելի էական փոփոխության մասին:

Անցկացրեք տեղային ստուգումներ և աուդիտներ՝ համոզվելու համար, որ ընթացակարգերը արդյունավետ են։ Մասնավորապես, իրականացրեք հետգործարքային վերլուծություններ՝ պարզելու, թե արդյոք կատարված վճարումները որևէ կապ են ունեցել Ռուսաստանի հետ, կամ առկա է որևէ այլ պատճառ կասկածելի գործունեության համար։

7. Լրացուցիչ տեղեկություններ

7.1. Ստուգում՝ արդյոք ապրանքները պատժամիջոցների տակ են գտնվում

  1. Առաջին հերթին անհրաժեշտ է տվյալ ապրանքի ապրանքային կոդը։ (Առաջին վեց թվերը նույնն են ամբողջ աշխարհում՝ համաձայն «Համաձայնեցված համակարգի», ուստի այս կոդերը որոշ դեպքերում կոչվում են “HS կոդեր”): Առանձին երկրներ կարող են ավելացնել ևս 4 լրացուցիչ թիվ իրենց սեփական դասակարգման նպատակով։ Երկրները կարող են մի փոքր տարբեր կոդեր կիրառել նույն ապրանքի համար։ Եթե դուք ներկրում եք ապրանքներ ՄԹ-ից, ՄԹ ապրանքային կոդը կնշվի առևտրային  հաշիվ-ապրանքագրում։ Եթե դուք չգիտեք կոդը, կարող եք այն գտնել ՄԹ-ի Մաքսատուրքերի գործիքի միջոցով։

  2. Ստուգեք՝ արդյոք այդ ապրանքները ներառված են Ռուսաստանի նկատմամբ ՄԹ պատժամիջոցների կանոնակարգի հավելվածներում: Այս պահին չկա որոնման գործիք, որը թույլ կտա անել դա, այնպես որ ստուգումը պետք է իրականացվի ձեռքով՝ ստուգելով կարգավորումները: Ներքևում բացատրվում է, թե ինչպես դա անել․

  3. «Բովանդակություն» էջում համոզվեք, որ դիտում եք Կանոնակարգի վերջին հասանելի տարբերակը (ձախ կողմի ցանկում):

  4. Բացեք “Print Options” («Տպման ընտրանքներ») էջի վերևի մասում գտնվող ցանկում և ընտրեք ‘“The Whole Instrument” («Ամբողջ գործիքը» (որպես pdf կամ վեբ էջ):

  5. Օգտագործեք «Control f»-ը՝ ձեր ապրանքի ապրանքային կոդը որոնելու համար՝ սկսելով քառանիշ կոդից, նախքան 6- և 8-անիշ կոդերին անցնելը: Եթե քառանիշ կոդը նշված է, այդ վերնագրի տակ գտնվող բոլոր ապրանքները ենթարկվում են պատժամիջոցներին, և այսպես շարունակ՝ 6- և 8-անիշ կոդերի համար։

  6. Ապրանքային կոդը կարող է նշված լինել մեկից ավելի տեղերում. ստուգեք այն Հավելվածի համարը, որում այն ​​հայտնվում է, ապա այդ հավելվածին վերաբերող կանոնակարգերը. որոշները արգելում են արտահանումը (և դրան առնչվող գործողությունները) Ռուսաստան, մինչդեռ մյուսները արգելում են ներմուծումը (և դրան առնչվող գործողությունները) Ռուսաստանից։

  7. Ի վերջո, եթե ձեր ապրանքը ցանկում առկա չէ, նայեք 2A հավելվածը: Այնտեղ «Կարևոր արդյունաբերության ապրանքներն ու տեխնոլոգիաները» ներառված են իրենց նկարագրությամբ, այլ ոչ թե՝ ապրանքային կոդով: Անցեք վերնագրերով և անհրաժեշտության դեպքում մանրամասն ցանկերին՝ ստուգելու, թե արդյոք ձեր ապրանքը դասվում է որևէ կատեգորիայի մեջ: Այս բոլոր ապրանքների արտահանումը Ռուսաստան (և դրանց հետ կապված գործողությունները) արգելված են։

7.2. Վերջնական օգտագործողի հավաստագրում և պայմանագրային դրույթներ

Ստորև ներկայացվում է մի օրինակ, որը կարող է որպես ուղեցույց ծառայել այն պարտավորությունների ձևակերպման համար, որոնք դուք կարող եք պահանջել ձեր հաճախորդից՝ ստորագրելու կամ ներառելու պայմանագրում, որպեսզի վստահ լինեք, որ ձեր հետ գործարքը չի հանգեցնի պատժամիջոցների շրջանցման։ Հնարավոր է, որ ՄԹ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների ձեր մատակարարներն իրենց հերթին պահանջեն, որ դուք էլ նմանատիպ վկայագրեր կամ դրույթներ ներառեք ձեր պայմանագրերում։

Ձեր հաճախորդից կարող եք պահանջել հաստատել, որ․

  1. նա չի ճանաչվել ակտիվների սառեցման ենթակա Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության պատժամիջոցների մասին օրենքների կամ  այլ կիրառելի ազգային պատժամիջոցների մասին օրենքների համաձայն, և ոչ էլ նրա 50%-ը կամ ավելին պատկանում կամ վերահսկվում է նման օրենքների ենթակա որևէ անձի կամ կազմակերպության կողմից

  2. ապրանքները չեն վաճառվի, մատակարարվի կամ այլ կերպ չեն տրամադրվի՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, որևէ անձի կամ կազմակերպության, որը ճանաչված է որպես ակտիվների սառեցման ենթակա՝ համաձայն Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության կամ այլ կիրառելի ազգային պատժամիջոցների մասին օրենքների, կամ որևէ կազմակերպության, որի 50% կամ ավելին պատկանում կամ վերահսկվում է նման օրենքներով որպես ակտիվների սառեցման ենթակա ճանաչված որևէ անձի կամ կազմակերպության կողմից

  3. ապրանքները չեն վաճառվի, մատակարարվի կամ այլ կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չեն տրամադրվի Ռուսաստանին կամ Ռուսաստանում օգտագործման համար կամ որևէ այլ երկրի կամ տարածաշրջանի, որն ենթարկվել է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների կամ Եվրոպական Միության կողմից սահմանված պատժամիջոցների, եթե այդ գործողությունը կխախտեր այդ պատժամիջոցների պայմաններն այն դեպքում, եթե այն կատարվեր այդ երկրների կամ Եվրոպական Միության անդամ պետության քաղաքացու կողմից

  4. ապրանքները չեն վաճառվի, մատակարարվի կամ որևէ այլ կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չեն տրամադրվի այնպիսի անձի, որը սովորաբար բնակվում է կամ գտնվում է ՌԴ-ում կամ ցանկացած այլ երկրում կամ տարածաշրջանում, որը գտնվում է ՄԹ-ի կողմից կիրառված պատժամիջոցների ներքո, կամ այնպիսի իրավաբանական անձի, որը գրանցված կամ իրավական հասցե ունի այդ երկրում կամ տարածաշրջանում, եթե այդ գործողությունը կխախտեր այդ պատժամիջոցների պայմաններն այն դեպքում, եթե այն կատարվեր ՄԹ քաղաքացու  կողմից

  5. ապրանքները կարտահանվեն, կվաճառվեն և որևէ այլ կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, կմատակարարվեն կամ կհանձնվեն երրորդ կողմի միայն այն դեպքում, եթե այդ երրորդ կողմը ընդունի սույն հայտարարության մեջ ներկայացված պարտավորությունները որպես իր համար պարտադիր, և եթե այդ երրորդ կողմը մեր կողմից ճանաչված լինի որպես վստահելի և այդ պարտավորությունների պահպանման առումով հուսալի կողմ

  6. սույն պարտավորություններից որևէ մեկի խախտումը կհամարվի պայմանագրային  համաձայնագրի էական տարրի էական խախտում, և դուք իրավասու եք դիմելու  համապատասխան իրավական միջոցների՝ ներառյալ, բայց ոչ միայն, մեր համաձայնագրի լուծարումը և տուգանքը

  7. նա պարտավորվում են անհապաղ տեղեկացնել ձեզ սույն հայտարարությունում   ներկայացված պարտավորությունները կատարելու հետ կապված ցանկացած խնդիրների  մասին, այդ թվում՝ երրորդ կողմերի կողմից իրականացվող ցանկացած համապատասխան  գործողությունների, որոնք կարող են խոչընդոտել այդ պարտավորությունների կատարումը։

7.3. Ստուգման գործիքներ

Հաճախորդների պատշաճ ուսումնասիրության ստուգումների շրջանակում բիզնեսներին աջակցելու նպատակով հասանելի է պատժամիջոցների նկատմամբ լրացուցիչ ստուգման գործիքների շարք։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ այստեղ առաջարկվող գործիքները ՄԹ կառավարության ռեսուրսներ չեն և գործարկվում են արտաքին կազմակերպությունների կողմից։ Հետևաբար, մենք չենք կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը կամ ամբողջականությունը։

Գործիք Նկարագրություն
Պատժամիջոցների վերաբերյալ բաց տվյալների հարթակ Պատժամիջոցների բաց տվյալների բազան համախմբում է բաց կոդով տվյալներ բիզնեսի և քաղաքացիական ստուգումների նպատակով
Պատերազմական պատժամիջոցներ Պատերազմական պատժամիջոցների պորտալը տրամադրում է մի շարք ռեսուրսներ, որոնք աջակցում են ձեռնարկություններին՝ կատարելու պատշաճ ուսումնասիրություն հնարավոր գործընկերների, ներդրումների և համաձայնագրերի վերաբերյալ
Առևտրի ազնվության ապահովման նախագիծ (TIP) TIP-ը որոնվող տվյալների բազա է, որը ցուցակագրում է երրորդ երկրների այն ընկերությունները, որոնք 2023-ից ի վեր Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքներ (CHPL) են առաքել Ռուսաստան՝ հիմնված հանրային առևտրային տվյալների վրա
ԿՏԴ SelfSanctions և LeaveRussia Կիևի տնտեսագիտության դպրոցի (ԿՏԴ) կողմից ստեղծված SelfSanctions և LeaveRussia տվյալների բազաները համախմբում են ռուսական շուկայում գործող օտարերկրյա ընկերությունների վերաբերյալ տվյալները, որոնք հիմնված են Ռուսաստանից բիզնեսի դուրսբերման վերաբերյալ Յեյլի համալսարանի հետազոտության վրա

7.4. Օգտակար հղումներ

Ռուսաստանի նկատմամբ ՄԹ պատժամիջոցների կանոնակարգի ամբողջական տեքստը

Ռուսաստանի նկատմամբ ՄԹ պատժամիջոցների ուղեցույց

Բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր ապրանքների ցանկ (CHPL)

ՄԹ ֆինանսական պատժամիջոցների թիրախների Ամփոփված Ցանկ (պատժամիջոցների տակ գտնվող անձինք)

ՄԹ ֆինանսական պատժամիջոցների ընդհանուր ուղեցույց

Ռուսաստանի նկատմամբ ՄԹ ֆինանսական պատժամիջոցների ուղեցույց

ՀՏՀ ՄԹ ֆինանսական պատժամիջոցների վերաբերյալ

ՀՏՀ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ 

ՀՏՀ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ 

Պատժամիջոցների սահմանման վերաբերյալ վերջին թարմացումների և մանրամասների համար բաժանորդագրվեք FCDO էլեկտրոնային ծանուցումներին։

Updates to this page

Հրապարակվել է՝ 27 June 2025

Print this page