Համաշխարհային տեղեկատվական նյութ

Թագուհու ծննդյան տոնակատարությունը Երևանում

Երևանում բրիտանական դեսպանատունը նշել է Թագուհու ծննդյան 90-րդ տարեդարձը:

Her Majesty's Ambassador to Armenia Judith Farnworth and the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia Edward Nalbandian

Her Majesty's Ambassador to Armenia Judith Farnworth and the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia Edward Nalbandian

Հունիսի 15-ին Բրիտանական դեսպանատունը կազմակերպել էր Թագուհու ծննդյան ավանդական արարողություն։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր՝ Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, գործարար աշխարհի ու Հայաստանում բրիտանական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր գործընկերներն ու բարեկամները։

Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր ողջույնի խոսքում նշեց․

Այս տարի մենք նշում ենք Թագուհու ծննդյան պատմական տարեդարձը։ Ինչպես ձեզանից շատերը գիտեն, լրացել է Նորին Մեծության 90 ամյակը, իսկ 2015 թվականի սեպտեմբերից ի վեր նա դարձել է ամենաերկար իշխող միապետը՝ գահ բարձրանալով ավելի քան 64 տարի առաջ։ Թագուհու անմնացորդ նվիրումը ոչ միայն Միացյալ Թագավորությանը, այլև Համագործակցության բոլոր երկրներին, իրապես ոգեշնչող է։

Երեկոյի պատվավոր հյուրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իր ելույթում նշեց․

Հայաստանը մեծապես կարևորում է իր հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Հայ-բրիտանական բարեկամությունն իր արմատներով գնում է դարերի խորքը: Դեռ 13-14-րդ դարերում Կիլիկիայի Հայկական Թագավորության արքաները ջերմ շփումների մեջ էին Անգլիայի թագավորների հետ, և անգամ հանդես են եկել միջնորդական առաքելությամբ Ֆրանսիայի և Անգլիայի միջև: Իսկ դրանից մի քանի դար անց, Հնդկաստանում անգլիական առևտրական ընկերություններին հայ վաճառականների մատուցած ծառայությունները բարձր գնահատելով, թագավորական հրովարտակով նրանց շնորհվել էր «Անգլիայի ազատ քաղաքացիների» կարգավիճակ:

Հայաստանի անկախությունից ի վեր մեր հարաբերությունները մտել են նոր փուլ և այսօր ակտիվ զարգանում են: Անշուշտ մշտապես զգացվում է է՛լ ավելին անելու անհրաժեշտությունը, քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համագործակցությունը է՛լ ավելի խորացնելու կարևորությունը, մեր հարաբերությունների օրակարգն է՛լ ավելի հարստացնելու և ընդարձակելու ցանկությունը: Նման պատրաստակամություն ես միշտ նկատել եմ նաև իմ բրիտանացի գործընկերների հետ հանդիպումներում։

Նախարարի ելույթի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ։

Թագուհու ծննդյան արարողությունը հիանալի առիթ է ներկայացնելու բրիտանական կենսակերպը, ավանդույթներն ու մշակույթը։ Միջոցառման ընթացքում մատուցվեց բրիտանական սնունդ և խմիչք՝ «fish and chips», ռոստբիֆ, պանրի տեսականի, շոտլանդական, ուելսյան և անգլիական վիսկիներ, անգլիական գարեջուր և սիդր։ Երեկոն ուղեկցվեց կենդանի ջազային երաժշտությամբ և բրիտանական ու իռլանդական ազգային ուրախ երգերով։

Թագուհու ծննդյան արարողության նկարները տեսնելու համար կարող եք այցելել Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Հրապարակվել է՝ 17 June 2016