Կոմյունիկե

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Սըր Ալան Դանքնը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի կապակցությամբ

Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։

ՄԹ կառավարությունն ուրախ է, որ որպես միջազգային կոնսորցիումի անդամ սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի։

Հրապարակվել է՝ 12 December 2018
Վերջին թարմացումը՝ 12 December 2018 + show all updates
  1. Added translation

  2. First published.