Համաշխարհային տեղեկատվական նյութ

Բրիտանական դեսպանատան հայտարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների առնչությամբ

Երևանում Բրիտանական դեսպանատան հայտարարությունը ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ

British Embassy Yerevan

Երևանում Բրիտանական դեսպանատունն ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարածել է հետևյալ հայտարարությունը.

Միացյալ Թագավորությունը համամիտ է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատման հետ, ըստ որի այս ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար իրավունքների հանդեպ, սակայն ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:

ՄԹ-ը ողջունել է նոր ընտրական օրենսգրքի մշակման ներառական գործընթացը, որն իրականացվել է կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից: Այլ միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի կառավարության հետ համատեղ Միացյալ Թագավորությունն աջակցել է ընտրողների նույնականացման նոր համակարգի ներդրմանը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատումը, ըստ որի այդ սարքավորումները նվազեցրել են ընտրախախտումների շրջանակը: Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները և խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք:

ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի:

Հրապարակվել է՝ 6 April 2017